Էսօր ինտերնետը փորփրում էի ու պատահական “Mea Culpa” ներկակայացման մասին նյութ տեսա: Հետո էլ վիդեո տարբերակը նայեցի: “Mea Culpa”-ի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերին ու արդեն 8 տարի է, ինչ այն դահլիճներ է լցնում: Ներկայացումը թատրոնում մի քանի անգամ արդեն տեսել եմ եւ դեռ չեմ ձանձրացել, ու ամեն անգամ դահլիճը լիքն է եղել: Կարծես ամեն անգամ նոր արտահայտություններ եմ լսում, որոնք մեկը մյուսից ավելի լավ են արտահայտում Հայաստանի այժմյան ողբալի վիճակը: Կարծես ամեն մի արտահայտություն իմ հոգու խորքից լինի: Կարծես ամեն մի արտահայտություն լինի այն խոսքը, որը շատ հաճախ վախենում ենք մենք բարձրաձայն արտահայտել: Այ վախն է հիմնական պատճառը, որ մենք հիմա այս ողբալի վիճակում ենք գտնվում: Շատ կարծիքներ եմ կարդացել “Mea Culpa” ներկայացման մասին. ոմանք լավ են արտահայտվել, ոմանք` վատ: Բայց դա էական չէ: Էականն այն է, որ այդ ներկայացման ամեն մի բառ ճշգրիտ արտահայտում է մեր վիճակը: Ներկայացման ժամանակ հյուր եկող տարբեր ժամանակների ականավոր դեմքերը փորձում են բացատրել մեր ողբալի վիճակի ինչ որ մի մաս: Այդ մարդիկ շատ դիպուկ են ընտրված, եւ ամեն մեկը խոսում է իր բնագավառի մասին: Հատկապես տպավորիչ են Նապոլեոնի խոսքերը, ով խոսում է հայկական բանակի մասին: Խոսում է այն մասին, թե ինչպիսի անարդարություններ են տեղի ունենում այս վերջին 20 տարիների ընթացքում, սակայն ներկայացման մեջ 2015 թվականն է, ու Նապոլեոնի խոսքերից հասկացվում է, որ այս հաջորդ 5 տարիների ընթացքում էլ է տեղի ունենալու նույն անարդարությունները: Ասում է, որ ամեն մեկը մտածում է բանակի մասին, սակայն երբ հերթը հասնում է իր “լակոտին”, ապա սկսում է ուրիշ ձեւ մտածել: Իր տղան ինչու պետք է գնա բանակ ծառայելու, եթե կարող է ջիպ քշի քաղաքում, իր տղան ինչու պետք է աշխատի, եթե կարող է աղջիկների հետ կյանքը վայելել: Բոլոր կերպարներն էլ մեղադրում են ժողովրդին: Ես ամբողջովին համաձայն եմ նրանց հետ, որովհետեւ այս ամենի մեղավորը մենք ենք` ժողովուրդս: Եթե մենք այսքանը դեռ 90-ականներին թույլ չտայինք, ապա հիմա այսպես չէր լինի: Ինչպես Գյոթեն` ներկայացման հյուրերից մեկն է ասում իր խոսքում, որ դեռ այն ժամանակ, երբ կանցլերին հայտնեցին, որ գնացքներում անտոմս ուղեւորներ կան, նա հրամայաեց բոլորին իջեցնել եւ տեղում գնդակահարել, այդ պատճառով էլ հիմա Գերմանիայի ոչ մի գնացքում անտոմս ուղեւոր չես գտնի, անգամ տոմս ստուգող չկա: Ներկայացնում եմ Գյոթեի եւ Անքունի երկխոսությունից մի հատված առանց մեկնաբանության.


Գյոթե: -Օրենքը խախտել չի կարելի, ինչպիսին էլ որ այն լինի` լավը, թե` վատը, իսկ ձեզ համար կարեւոր չէ, բոլորդ միասին ազգովի խախտում եք:


Անքուն: -Համաձայն եմ, բայց բոլորին չես պատժի:


Գյոթե: -Իհարկե, տղաս, բոլորին չես պատժի, բայց դուք գոնե ձեր քաղաքական հանցագործներին պատժեիք, ինչի չեք պատժում: Այ մի 10, 15 տարի առաջ բռնեիք ու մի 60, 62 հոգի կախեիք ծառներից: Տեսնեմ ով էր թպրտալու: Իսկ արդյունքում դուք եք թպրտում հոգեվարքի մեջ: Հիշի’ր, ականջիդ օղ արա, եթե չես պատժում` պատժվում ես:


Անքուն: -Լավ, համամիտ եմ, իսկ հիմա ում պատժենք?


Գյոթե: -Հիմա չպատժողներին պատժեք:


***


Գյոթե: -Թագավորին պետք է հարգել, իսկ գողին` պատժել:


Անքուն: -Իսկ եթե թագավորը հենց ինքն է գող?


Գյոթե: -Ոչ, թագավորը երբեք գող չի լինում: Թագավոր դարձած մուրացկանն է գող լինում, ու դուք դրան վարժվել եք:


Ներկայացման մեջ կար նաեւ ժամանակակից մի կերպար` Նուրբ Սաքոն: Նա պատգամավոր է, ով կորցրել է հորը եւ նրա հիշատակին մի եկեղեցի է ուզում կառուցել: Սցենարիստը` Վահրամ Սահակյանը, պարզ կերպով ցույց է տալիս մեր պատգամավորների մեծ մասի անգրագետ վիճակը Նուրբ Սաքոյի միջոցով: Նա եկեղեցի է ուզում կառուցել, որի վրայի խաչի փոխարեն պետք է աստղ լինի: Նրան ինչ որ մի նրա նման պաշտոնյա ասել է, որ աստղը դա հին ռուսական խաչ է:


Ներկայացման բոլոր կերպարներին իրար հետ միացնում է Վագրը, որին կերպարանավորում է Հրանտ Թոխատյանը: Այս ներկայցման մեջ Հրատ Թոխատյանը դրսեւորում է իր դերասանական բոլոր կարողությունները: Նա կարողանում է մի քանի րոպեների ընթացքում կերպարանափոխվել եւ միանգամից մտնել մեկ այլ կերպարի մեջ: Այստեղ է երեւում նրա պրոֆեսիոնալիզմը: Րոպեների ընթացքում նա դառնում է Վագր, Նոստրադամուս, Նապոլեոն, Գյոթե, Չերչիլ, Հիտլեր, Արա Գեղեցիկ, Տիգրան Մեծ:


Ներկայացման հանգուցալուծումը տալիս է Տիգրան Մեծը, ով նախատում է հայերին, ովքեր չկարողացան իր նվաճած հողերը պահել: Նա հաշիվ է պահանջում: Բացատրում է հայրենիքը դավաճանելու իմաստը ասելով, որ դավաճանությունը մենակ գաղտնի փաստաթղթերը թշնամուն տալը չի, այլ նաեւ սեփական երկիրը թալանելը ու հրաժարական տալը, ամբողջ կյանքը աշխատած մարդկանց օր ծերության գռոշներ շպրտելը, արնախառն փողերը արեւմտյան բանկերում պահելը, մի քանի ամիս Կառավարության կազմում լինելը ու հսկայական ամառանոցներ սարքելը…


Մի խոսքով` ես հիացած եմ այս ներկայացումով եւ ինձ թվում է, որ երբեք չեմ հոգնի այն դիտելով, քանի դեռ Հայաստանը այս վիճակում է…


 

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan
 

0 կարծիք: