Առօրյա կյանքում շփվելով մարդկանց հետ ես շատ եմ նկատում, որ մարդիկ չեն կարողանում ճիշտ շփվել եւ իրենց մտքերը արտահայտել ճիշտ բառերով: Շատ փնտրելով` միգուցե կարողանաս գտնել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց խոսքում շատ քիչ են օգտագործում սխալ բառեր: Խոսքը այն մասին չէ, որ պետք է խոսենք գրական, որը փողոցում շատ տգեղ եւ ծիծաղելի է հնչում, այլ այն մասին, որ բառերը, որոնք մենք օգտագործում ենք մեր խոսքում, սխալ իմաստ են արտահայտում: Այդ բառերից են “հրավեր”-“հարվերք”, “մեղանչել”-“ապաշխարել”, “հանձին”-“հանձինս”, “վերաբերել”-“վերաբերվել”, “ի սրտե”-“սրտանց”-“ի սրտանց”, “այլք”-“այլոք”, “այլեւս”-“այսուհետ”:
Հրավեր-հրավերք
“Շնորհակալություն հրավերքի համար”: Այստեղ պետք է լինի “հրավեր”, այլ ոչ թե “հրավերք”: “Հրավեր”-ը հրավիրատոմսն է, հրավիրելու գործընթացը, իսկ “հրավերք”-ը հրավերների ամբողջությունն է, այսինքն խնջույքը: “Ք” վերջածանցը եկել է գրաբարից եւ բառին տալիս է հոգնակիի իմաստ, այդ պատճառով էլ “հրավերք”-ը նշանակում է հրավերների ամբողջություն:
Մեղանչել-ապաշխարել
“Նա մեղանչեց իր երեխաների հանդեպ”: “Մեղանչել” բառը նշանակում է մեղք գործել, այլ ոչ թե մեղա գալ, ինչպես շատ հաճախ օտգագործում են:
“Նա ապաշխարեց իր մեղքերը”: Երբ սխալ օգտագործում են “մեղանչել” բառը, դրա փոխարեն պետք է ասեն “ապաշխարել”, որը նշանակում է մեղա գալ, զղջալ գործած մեղքերի համար:
Հանձին-հանձինս
Հաճախ սխալ ենք օգտագործում “հանձինս” բառը` այն շփոթելով “հանձին” բառի հետ: “Հանձինս” բառը օգտագործվում է միայն հոգնակի թվով գոյականների հետ, իսկ “հանձին” բառը` միայն եզակի թվով գոյականների հետ:
Վերաբերել-վերաբերվել
Վերաբերվել կարող են միայն մարդիկ այս կամ այն բանին, իսկ մնացած ամեն ինչ վերաբերում է:
Ի սրտե-սրտանց-ի սրտանց
Հիմա էլ սկսել են օգտագործել “ի սրտե” կամ “սրտանց” բառի, օգտագործողների կարծիքով ավելի լավ արտահայտված, “ի սրտանց” բառը, որը սխալ ձեւ է:
Այլք-այլոք
“Այլք” բառի արմատը գալիս է գրաբարից եւ այն աշխարհաբարում օգտագործվում է այնպես, ինչպես գրաբարում եւ գրաբարում չկա “այլոք” ձեւ: Այնպես որ օգտագործեք միայն “այլք” ճիշտ ձեւը:
Այլեւս-այսուհետ
Հայկական հեռաուստատեսությունում վերջերս սկսել են օգտագործել “այլեւս” բառը, երբ նկատի են ունենում սրանից հետո, եւ կարծես մի կողմ են նետել “այսուհետ” բառը, որը եւ պետք է օգտագործվի այդպիսի միտք արտահայտելու համար:
0 կարծիք:
Post a Comment